Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը այսօր՝ հունիսի 23-ին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում իր պաշտպանական ճառի ժամանակ դատարանին առաջարկեց վերաորակավորել իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը եւ առաջադրել նոր մեղադրանք՝ զենքի հետ վարվելու կանոները խախտելու հետեւանքով անզգուշությամբ մահի առաջացում։
«Դավիթ Խաչատրյանը պատահական է սեղմել ձգանը եւ միտումնավոր չի կրակել, նրան առաջադրված մեղադրանքը անհիմն է եւ չի համապատասխանում իրականությանը։ Նրա հանցանքը համապատասխանում է զենքի հետ վարվելու կանոները խախտելու հետեւանքով անզգուշությամբ մահ պատճառելուն»,-ասաց Երեմ Սարգսյանը։
Փաստաբանի խոսքով՝ ներկայիս մեղադրանքը պետք է փոխարինվի ՔՕ 373 հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, որոնցով նախատեսվող առավելագույն պատիժը 12 տարի է։
Նշենք, որ դատական նիստի ընթացքում դատավոր Զոյա Զաքինյանը դատարանի դահլիճից դուրս հրավիրեց Լյուքս Ստեփանյանի հարազատներից մեկին, որը փաստաբանին վիրավորեց, փաստաբանն էլ նրան վիրավորեց։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Քրեական գործ էր հարուցվել 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 112 հոդվածի 1-ին մասով:





























