Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսդօր` հունիսի 24-ին հանձնարարել է առողջապահական պետական տեսչությանը` պարզելու, թե ինչից է մահացել ՌԴ քաղաքացի Մինաս Երեմյանը: NEWS.am-ի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ Մինասը մահացել է իրենց  հիվանդանոցում, իսկ արյան մեջ շաքարի պարունակությունը շատ բարձր է եղել:

«Մինասը մեզ մոտ տեղափոխվել է շատ ծանր, գրգռված վիճակում, արյան մեջ շաքարի պարունակությունը շատ բարձր է եղել, նորմայից ցածր է եղել օրգանիզմի թթվահիմնային հավասարակշռության միավորը, ջերմություն է ունեցել, թոքերում երկկողմանի խզզոց է եղել: Գլյուկոզան շատ բարձր է եղել, առաջնակի հայտնաբերված շաքարային դիաբետ է եղել: Հիմա, թե ինքը մեկ տարի, կես տարի, թե տասն օր է տառապել շաքարային դիաբետով, չեմ կարող ասել: Դրա համար հատուկ անալիզներ էր պետք անել պլանային կարգով, բայց էդ պահին դրա մասին մտածելն անլուրջ էր»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի ընդունարանի վարիչ Հասմիկ Սաիյանը:

Նրա խոսքով` իրենք ամեն ինչ արել են 20-ամյա երիտասարդին բուժօգնություն ցույց տալու համար. «Մեզ մոտ սկսել են ինսուլին անել:  Սկզբում նույնիսկ շաքարը չի որոշվել, էնքան բարձր է եղել` մինչև 30: Փորձել են իջեցնել, որ անտիբիոտիկ տան, չեն հասցրել»:

Նշենք, որ Yerkir.am-ին Մինասի հարազատներն ասել են, որ Մինասին «Արմենիա» բժշկական կենտրոնում գլյուկոզա են ներարկել` չիմանալով, որ տղան շաքարային դիաբետ ունի: Դրանից հետո նրա վիճակը վատացել է եւ նրան արդեն տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է: