Աֆրիկյանների տան մոտ քիչ առաջ եկավ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որից հետո կարմիր բերետավորները շղթա կազմեցին եւ քաղաքացիներին ուժով բարձրացրին մայթ՝ ազատելով Տերյան փողոցը։ «Անօրինական ակցիա է սա: Վերջին օրերին անօրինական ակցիաներ են լինում։ Հարգելիս, չի կարելի ոստիկանին որպես թիրախ ընտրել, չի կարելի ձեր վրա ուշադրություն գրավել այդպես։ Դուք ուղղակի ուզում եք մարդկանց ուշադրությունը գրավել։ Հարցը սահմանադրորեն պետք է լուծվի։ Դիմեք դատարան, բերեք դատարանի վճիռ, որը թույլ չի տա այստեղ աշխատանքներ իրականացնել»,- քաղաքացիների հետ զրույցում ասել է փոխոստիկանապետը։
Քաղաքացիները Երեւանի փոխոստիկանապետին ցույց տվեցին Մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության նամակի պատճենը` ուղղված շինարարությունն իրականացնող ընկերության տնօրենին, որտեղ նրանք պահանջում են ապամոնտաժում չիրականցնել, եւ խնդրեցին դա ընդունել որպես փաստաթուղթ։ Մինչդեռ Օսիպյանը հակադարձեց` ասելով, որ դա թուղթ է, այն էլ թղթի պատճեն:
Այնուհետեւ արդեն լրագրողների հետ զրույցում փոխոստիկանապետը հայտնեց, որ վերջին օրերին Տերյան 11 հասցեի հարակից շենքերի բնակիչներից ահազանգեր են ստանում. նրանք բողոքում են, որ մի խումբ քաղաքացիները խանգարում են իրենց անդորրը։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանների հետ հրմշտոցի ժամանակ լրագրողներից մեկի տեսախցիկը ընկել է եւ վնասվել։
Նշենք, որ այսօր` հունիսի 24-ին, վաղ առավոտից մեքենաները սկսել են մեծ թափով քարեր հանել շենքի տարածքից:





























