Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի եւ Հրաչյա Հարությունյանի փաստաբանների համատեղ աշխատանքը գրանցել է նոր դրական արդյունք: Այսօր Մոսկվայի քաղաքային դատարանի դատավոր Լ. Նիկոլենկոն կայացրել է որոշում, համաձայն որի՝ Հրաչյա Հարությունյանին խալաթով եւ հողաթափերով դատարան բերելը վիրավորել է վերջինիս արժանապատվությունը: Այս մասին Օմբուդսմենին հայտնել է Հրաչյա Հարությունյանի պաշտպան Ռուբեն Մարկարյանը:
Դատարանը որոշել է, որ Հրաչյա Հարությունյանին նման տեսքով դատական նիստին ներկայացնելը վկայում է դատարանի եւ հասարակության հանդեպ քննիչի անհարգալից վերաբերմունքի եւ իր պարտականությունների ոչ պատշաճ կատարման մասին: Հարությունյանը, սակայն, մտադիր չէ բարոյական վնասի փոխհատուցման պահանջով դիմել դատարան: Ռուբեն Մարկարյանը հայտնել է նաեւ, որ իրենց լիովին բավարարում է այն, որ դատարանն իր վերոնշյալ որոշմամբ ընդունել է Հրաչյա Հարությունյանի իրավունքների խախտումը:
Օմբուդսմենը եւ փաստաբանական թիմը շարունակում են համագործակցությունը Հրաչյա Հարությունյանի իրավունքների արդյունավետ պաշտպանության ուղղությամբ:





























