Աշխատանքային այցով Արցախում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում գործող մի շարք ձեռնարկություններ: ՀՀ վարչապետը ԼՂՀ վարչապետի, փոխվարչապետի եւ ՀՀ ու ԼՂՀ կառավարության անդամների ուղեկցությամբ շրջայց է կատարել «Մետաքս» եւ «Արցախ ֆրուտ» գործարանների արտադրամասերում, ծանոթացել արտադրական հնարավորություններին, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց աշխատանքային պայմաններով եւ հուզող խնդիրներով: «Մետաքս» կոմբինատը պետական ներդրումներով գործող թեթեւ արդյունաբերական ՍՊԸ-ների միավորում է, որում ներգրավված են ոլորտի մի շարք կազմակերպություններ, իսկ «Արցախ ֆրուտ»-ը մասնագիտացած է մրգերի եւ բանջարեղենի պահածոների արտադրության մեջ:
Լրագրողների հետ ճեպազրույցում Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել ՀՀ եւ ԼՂՀ կառավարությունների համագործակցությունը՝ նշելով. «Այսօրվա քննարկումների արդյունքում պարզվեց, որ կան մեծ ձեռքբերումներ, եւ նախարարություններն աշխատում են համահունչ, ինչի համար շատ ուրախ եմ: Համոզված եմ, որ դա կտա իր դրական արդյունքն ու կնպաստի եւ´ Արցախի, եւ´ Հայաստանի տնտեսության զարգացմանը»: ՀՀ վարչապետը ողջունելի է համարել ԼՂՀ կառավարության մոտեցումը՝ յուրաքանչյուր ներդրողի համար ստեղծել հնարավորություն եւ տրամադրել արտոնություններ, ինչը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը եւ սոցիալական խնդիրների լուծմանը: «Ինչ վերաբերում է թեթեւ արդյունաբերությանը, ապա կփորձենք վերականգնել այս ոլորտը Արցախում եւ Հայաստանում. պետք է գնալ արտոնությունների տրամադրման ճանապարհով, որպեսզի մարդկանց հնարավորություն ընձեռնվի ներդրումներ անել Արցախում՝ հաշվի առնելով նաեւ ռիսկը: Արդեն 300 աշխատատեղ կա, եւ ԼՂՀ վարչապետը նշեց, որ աշխատատեղերի թիվը հասնելու է 700-ի: Նման քայլերը պետք է շարունակական բնույթ կրեն: Անհրաժեշտության դեպքում կլինի նաեւ Հայաստանի կառավարության աջակցությունը, որպեսզի Արցախի տնտեսությունը զարգանա», - եզրափակել է ՀՀ կառավարության ղեկավարը:





























