Օգնության խնդրանքով պիտակը հայտնաբերել է իռլանդական երիտասարդական «Primark» ապրանքանիշի զգեստը գնած կինը, հաղորդում է «The Independent»-ը:  Բրիտանուհին զգեստը ձեռք է բերել Ուելսում եւ, հայտնաբերելով տարօրինակ պիտակը, հայտնել է այդ մասին ընկերության ղեկավարությանը: «Primark»-ում սկսել են հետաքննել միջադեպը:

25-ամյա Ռեբեկա Գալահերը զգեստը ձեռք է բերել «»-ում 10 ֆունտի դիմաց: Արդեն տանը նա գտել է «հոգու ճիչ» հանդիսացող պիտակը՝ «Forced to work exhausting hours», որը թարգմանաբար նշանակում է՝ «Ինձ ստիպում են տառապալից աշխատանք կատարել»: Կինը եզրակացրել է, որ «Primark»-ի համար  արտադրանք պատրաստող ֆաբրիկայի աշխատակիցներից մեկն է պիտակը կարել:

Իր խոսքով՝ սարսափ եւ մեղքի զգացում ապրելուց հետո, Գալահերը փորձել է զանգահարել «Primark», սակայն անհաջողությունից հետո դիմել է մամուլին, որը միջադեպին մեծ աղմուկ է հաղորդել, հայտնում է «Lenta.ru»-ն:

Այնուհետ «Primark»-ում ստիպված են եղել ուշադրություն դարձնել պիտակի հետ կապված պատմությանը: Իրացնողի կայքում «Մեր էթիկան» բաժինը գոյություն ունի: Հունիսի 23-ին այնտեղ հաղորդագրություն է հայտնվել այն մասին, որ ընկերությունը «լուրջ է վերաբերում» միջադեպին եւ ներքին հետաքննություն է վարում: «Primark»-ի ներկայացուցիչների խոսքով՝ ընկերությունում ուշադրությամբ հետեւում են ֆաբրիկայում աշխատող անձանց աշխատանքային պայմաններին: