Armenia Today կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստն այսօր՝ հունիսի 23-ին, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց վկա Վահան Մնացականյանի բացակայության պատճառով:
Նշենք, որ արդեն մի քանի նիստ է՝ դատարանը չի կարողանում վկայի բնակության վայրը պարզել եւ նիստի մասին ծանուցում ուղարկել նրան: Դատարանը գործում նշված նրա բնակության հասցեով ծանուցում էր ուղարկել, սակայն տեղի բնակիչներն ասել էին, որ այդ հասցեում նման մարդ չի ապրում: Նույն պատասխանը դատարանը ստացել էր նաեւ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունից, որտեղ հարցում էր ուղարկել:
Դատախազ Արթուր Երիցյանն այսօր հայտարարեց, որ ինքը հարցում է ուղարկել Ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն եւ իրեն պատասխանել են, որ վկան բնակվում է Վանաձոր քաղաքում, երթուղային է վարում: Նա ասաց, որ միգուցե վկան չի կարողացել ժամանակին ներկայանալ նիստին եւ միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը: Կիվիրյանն ու իր պաշտպաններն առարկեցին՝ պնդելով դատակոչի ցուցակից հանել վկային:
«Մենք սա արդեն աբսուրդի ենք վերածում: Մենք ընդանհրապես չգիտենք՝ նման վկա գոյություն ունի, թե ոչ: Եթե գոյություն ունենար, քրեական գործից կերեւար՝ այս վկան ինչպես հայտնվեց նախաքննական մարմնի կողմից: Այնպես չի, որ ծանուցվել է այդ հասցեում, հիմա հասցեն փոխել է: Վկայի անձն ընդանհրապես պարզված չի, այսինքն՝ նման վկա գոյություն չունի: Հիմա մենք գոյություն չունեցող վկայի ցուցմունքն ե՞նք հրապարակելու»,-դատարանին դիմեց պաշտպան Լուսինե Սահակյանը:
Պաշտպանը մատնանշեց, որ վկայի ցուցմուքնում չկան նրա անձագրային տվյալները: Նա ասաց, որ իրենք մեկ այլ գործի քննության ժամանակ գործով քննիչ Լեւոն Մելքոնյանին հարցրել են՝ ինչպես է գտել վկային, նա էլ պատասխանել է, որ իր անձնական միջոցներով է գտել: «Պարզեք՝ իր անձնական միջոցները որոնք են»,-դատարանին դիմեց պաշտպանը:
Արգիշտի Կիվիրյանն էլ հայտարարեց, որ դատարանը փորձում է հայտնաբերել մի վկայի, որն իրականում գոյություն չունի: «Նույն ձեւով ՀՔծ քննիչ Լեւոն Մելքոնյանը կարող էր լրացնել մի քանի ցուցմունք Անաստաս Միկոյանի, Ֆիդել Կաստրոյի անունից: Եվ այդ կերպ փորձեին հիմնավորել իմ դեմ առաջադրված մեղադրանքը: Ակնհայտ է՝ գործն ինչ փնթի ձեւով է քննվել: Այստեղ քննություն չկա, ընդամենը փորձել են իրականացնել իմ դեմ պատվերը: Պատվերի շրջանակում իրենք գործը հարստացրել են այդ կարգի մեռած հոգիներով: Որտեղի՞ց է տաքսիստ Վահրամ Մնացականյանը հայտնվել քննիչի սենյակում: Ի՞նչ է՝ քննիչը հոտառությա՞մբ գնացել գտել է այդ տաքսիստին եւ կարողացել ցուցունք ապահովել: Այս մեռած վկաներով փորձում են ստեղծել իմ դեմ այս մեղադրանքը»,-ասաց նա:
Կիվիրյանն ու իր պաշտպանները զարմանքով նշեցին, թե ինչպես դատավորն իրեն վիրավորված չի զգում Ոստիկնության Երեւանի վարչությունից, որը նույն հարցմանն իրեն այլ պատասխան է ուղարկում, դատախազին՝ այլ:
«Եթե դուք անաչառ դատարան լինեիք, դուք արդեն իսկ վիրավորված կզգայիք, որ Երեւան քաղաքի վարչությունը ձեզ չի պատասխանում, իսկ մեղադրող կողմը կարողանում է ինչ-որ տվյալներ ստանալ: Կհասկանայիք, որ ձեզ Երեւանի վարչությունն ավելի ցածր է դիտարկում, քան թե մեղավորին»,- դատավորին ասաց Արգիշտի Կիվիրյանը:
Դատարանը որոշեց եւս մեկ անգամ հարցում ուղարկել Երեւան քաղաքի վարչություն՝ պարզելու վկայի բնակության հասցեն:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին ցուցմունք էին տվել մյուս ականատես վկաները, որոնք իրարամերժ ցուցմունքներ էին տվել, միեւնույն ժամանակ պնդելով, որ դեպքի օրը ոստիկաններն ընդհանրապես չեն հայհոյել եւ բռնություն չեն կիրառել ակտիվիստների նկատմամբ։ Նրանց ցուցմունքները լսելուց հետո Արգիշտի Կիվիրյանը հայտարարել էր, որ վկաներն իրականում դեպքի վայրում չեն եղել եւ ոստիկանությունն է նրանց ստիպել գալ եւ ցուցմունք տալ։
Նշենք նաեւ, որ մինչեւ այս հարցաքննվել են նաեւ ոստիկան վկաները, նրանք միմյանց ու իրենց նախաքննական ցուցմունքներին հակասող ցուցմունքներ են տվել: Ոստիկանները, որոնք երեքն էլ ոստիկանական մեքենայում են եղել Կիվիրյանին բերման ենթարկելիս, տարբեր կերպ են ներկայացրել դեպքը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում կառուցվող բազմահարկի դեմ հարակից շենքի բնակիչների բողոքի միացած Կիվիրյանը հանցագործության մասին հաղորդում էր տվել, որ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններն իրեն բաժին տանելիս բռնություն են գործադրել իր նկատմամբ: Սակայն քրգործ հարուցվել էր ոչ թե այդ առթիվ, այլ ոստիկանի հաղորդման հիման վրա, ըստ որի, Արգիշտի Կիվիրյանն է հարվածներ հասցրել ոստիկանին եւ ինքնավնասվել՝ գլուխը հարվածելով ոստիկանական ավտոմեքենայի դռանը: Կիվիրյանի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը:





























