Մենք իրականացնելու ենք ժամկետային ու ծրագրային բոլոր պայմանավորվածությունները, եւ այդ առումով այս հանդիպումներն ու այցերը կարեւոր են: Այս մասին, հունիսի 25-ին, ԼՂՀ կատարած աշխատանքային այցի առաջին օրն ամփոփելով, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես, կառավարության ղեկավարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի զարգացման հեռանկարներին եւ ներկայացրել ձեռք բերված պայմանավորվածությունները: «Մենք իրականացնելու ենք ժամկետային ու ծրագրային բոլոր պայմանավորվածությունները, եւ այդ առումով այս հանդիպումներն ու այցերը կարեւոր են: Հեռանկարային առումով բարձր եմ գնահատում Արցախի կառավարության աշխատանքը. կա երկնիշ տնտեսական աճ, ինչը հնարավորություն է տալիս տնտեսությունը զարգացնել, աշխատավարձերը բարձրացնել, սոցիալական, ինչպես նաեւ անվտանգության խնդիրները լուծել: Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունն իր առջեւ խնդիր է դրել, որպեսզի համագործակցությունն ամրապնդի եւ մենք ունենանք հզոր Արցախ եւ´ անվտանգության, եւ´ տնտեսության զարգացման առումով», - նշել է Հովիկ Աբրահամյանը:

Խոսելով, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի մասին՝ Հայաստանի վարչապետն ասել է. «Մեր գյուղատնտեսության նախարարություններն ունեն բազմաթիվ ծրագրեր, եւ Հայաստանի կառավարությունը պատրաստ է աջակցելու Արցախի կառավարությանը, որպեսզի լիարժեք օգտագործվեն հողային ռեսուրսները: ՀՀ-ում նույնպես պետք է ակտիվացնենք եւ զարգացնենք գյուղատնտեսությունը, քանի որ մեր հողերի մոտավորապես 30 տոկոսը չի օգտագործվում»: Ոլորտում կապերի աշխուժացման նպատակով վարչապետ Աբրահամյանը համապատասխան հանձնարարականներ է տվել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները եւ ծրագրերը պետք է համապատասխանեն առկա հնարավորություններին եւ վստահեցրել, որ դրանք հնարավորինս շուտ կյանքի կկոչվեն: «Հայաստանի նոր կառավարությունն ամեն ինչ անելու է բոլոր ոլորտներում Արցախի հզորացման համար: Դա մեզ համար առաջնահերթություն պետք է լինի», - նշել է վարչապետ Աբրահամյանը: