Արտաքին ներդրումների տենդը վտանգավոր է Հայաստանի համար, հունիսի 25-ին լրագրողներին հայտնել է տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը: Ըստ նրա՝ հանրապետությունն իրեն կախվածության մեջ է դնում արտաքին ներդրողներից եւ չի մտածում, որ պետք է խթանել ներքին ներդրումները: Դրա համար ռեսուրսներ կան. Հայաստանում ազատ դրամական միջոցների ծավալը գրեթե հավասար է հանրապետության ՀՆԱ-ին: «Կարելի էր Որոտանի կասկադի բաժնետոմսերը տեղի բորսայում ներկայացնել եւ ստիպել, որպեսզի այդ փողերն աշխատեն: Սակայն, ունենալով այդպիսի ռեսուրսներ, արդեն ՀՆԱ-ի կեսի չափ արտաքին պարտք ենք կուտակել եւ մտածում ենք՝ ինչպես այն մարել», - նշել է Մանասերյանը:
Որոտանի ՀԷԿ-ը բաղկացած է 3 էլեկտրակայաններից՝ Սպանդարյանի (76 մՎտ հզորություն), Շամբի (171 մՎտ) եւ Տաթեւի (157,2 մՎտ): «Որոտան ՀԷԿ» ՓԲԸ-ի 100%-անոց բաժնետերն է ՀՀ կառավարությունը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 27-ին հաստատել էր Որոտանի ՀԷԿ-ը ամերիկյան «Contour Global» ընկերությանը 180 միլիոն դոլարով վաճառելու գործարքը:




























