Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունիսի 25-ին, Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատական նիստին ամբաստանյալ Ալեք Պողոսյանը դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։ Նա առաջարկեց, որ իրենց դատեն ոչ թե հայ, այլ ռուս դատավորները։

«Քանի որ ռուսական պատվերով է մեղադրանքը, առաջարկում եմ՝ այստեղ դատ անացկացեն Ռուսաստանի ուղարկված դատավորները, ես գտնում եմ, որ դուք որպես հայ, կաշկանդվածություն կունենանք մեզ դատելու, ես առաջարկում են Ռուասաստանից գործուղված դատավոր մեզ դատի»,- ասաց ամբաստանյալը:

Ալեք Պողոսյանի միջնորդությանը միացավ ամբաստանյալների մեծ մասը: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։

Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am