Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը կարելի է պատասխանել միայն այսպես. «Գողի գլխարկն է այրվում»: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախկին քաղբտարկյալ, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահի օրերս տված հարցազրույցը:
«Նրա հայտարարությունները կարելի է համարել նաեւ ինքնապաշտպանության միջոց, արդարացնելու այն, ինչ մնացել է իրենից հետո: Իսկ ընդհանուր առմամբ, կարծում եմ, Քոչարյանի նման ելույթը խորհրդանշական է: Դա մեր պետության դեմ ուղղված ագրեսիայի տարրերից մեկն է, որը վարում է Ռուսաստանը»,-ասել է Արշակյանը:
Նրա խոսքով՝ այնտեղից Հայաստանին հայտարարում են՝ եթե Հայաստանը նման սխալներ անի, ինչպես հիմա, եւ փորձի գնալ եվրաինտերգրման ճանապարհով, նա հետ կստանա Ռոբերտ Քոչարյանին: «Մեզ զգուշացնում են, որ մենք վարվենք այնպես, ինչպես իրենք են ուզում, հակառակ դեպքում նրանք մեզ կվերադարձնեն Քոչարյանին»,-ընդգծել է Արշակյանը:
Հիշեցնենք, հունիսի 23-ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Yerkir.am-ին տված հարցազրույցում հերթով անդրադարձել էր հանրության մեջ առկա «ամենաթեժ» թեմաներին. Որոտանի ՀԷԿ-երի համալիրի վաճառքին, ճանապարհային տեսախցիկներին եւ վճարովի ավտոկայանատեղիներին: Քոչարյանը շոշափել էր նաեւ 100%-անոց համամասնական ընտրակարգին անցնելու թեման՝ նշելով դրա առավելությունները, թեեւ իր իշխանության տարիներին նա մի քանի անգամ մերժել է այդ գաղափարը:





























