Ռուսաց լեզվով անցկացվող պետական հանդիպումների ժամանակ ռուսերենից հայերեն թարգմանության բացակայությունը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը օրենքի խախտում չի համարում, ըստ նրա՝ պարզապես որոշ լրատվամիջոցներ շատ են սիրում սեւեռվել Ռուսաստանի և ռուսերենի վրա: Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, լրագրողներին ասաց Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու միջոցառումների ՝ այդ թվում ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի և հայ պատգամավորների հանդիպման ժամանակ, պետական մարմինները ռուսերենին զուգահեռ հայերեն թարգմանություն չեն ապահովել:

«Այդ փաստերը գոյություն ունեն ոչ միայն ռուսաց լեզվի հետ կապված: Բազմաթիվ կոնֆերանսներ և սեմինարներ կան, որոնք անգլերեն են, դրանց մասնակցում են պետական պաշտոնյաները, բայց զուգահեռ թարգմանություն նույնպես չի ապահովվում: Ռուսերենն այս պարագայում գուցե ցայտուն է երեւում, որովհետեւ պաշտոնյաների մեծ մասը ռուսերեն գիտի, իսկ անգլերենն այդ պատճառով գուցե մնում է ստվերում: Բայց ասեմ, որ Հայաստանում անգլերեն կազմակերպվող միջոցառումների թիվը ռուսերենից պակաս չէ»,-ասաց Արմեն Աշոտյանը:

Նախարարը նշեց, որ որևէ վտանգ չի տեսնում այս երեւույթի մեջ։ Նրա խոսքով՝ այսպիսի դեպքերը «Լեզվի մասին» օրենքի խախտում չեն, պետք չէ էմոցիոնալ երանգ հաղորդել դրանց:

Անդրադառնալով հարցին, թե նախարարությունն ինչ է անում «Լեզվի մասին» օրենքը պահպանելու ուղղությամբ, նախարարն ասաց. «Եթե օրենքն ուղիղ կարդաք, մենք որևէ գործառույթ չունենք: Ուղղակի որոշ լրատվամիջոցներ շատ են սիրում սեւեռվել Ռուսաստանի, Մոսկվայի և ռուսերենի վրա, ցավոք սրտի, իրենց համարժեք պատասխանող լրատվամիջոցներ, որոնք կարող էին սեւեռվել Վաշինգտոնի, Ամերիկայի և անգլերենի վրա, չկան, թե չէ դուք իրար կչեզոքացնեիք, եւ մենք էլ բացառապես կզբաղվեինք մեր գործով»: 

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին, ԱԺ-ում հայ պատգամավորների ու լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դմիտրի Կիսելյովը հանդիմանական տոնով հայտարարել էր, թե Հայաստանում ռուսերենը մոռանում են, որ Հայաստանում միայն երկու դպրոց կա ռուսական եւ հարց էր ուղղել, թե ինչ են անում ՀՀ իշխանությունները այդ նահանջը կանխելու համար: Նա առաջարկել էր ավելացնել ռուսական դպրոցների թիվը եւ հատուկ կարգավիճակ տալ ռուսերենին: Կիսիլեւը վրդովվել էր, որ Երեւանում տաքսու վարորդը ռուսերեն չի կարողացել իրեն հաշիվն ասել: Ի պատասխան՝ հայ պատգամավորները սկսել էին արդարանալ, թե Հայաստանում ռուսերենը չեն մոռանում:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am