ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակոթյան անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը պարզաբանել է, թե ինչու ԵԽԽՎ-ում հունիսի 24-ին, հայկական պատվիրակության անդամները հարց չեն տվել Ալիեւի ելույթից հետո:
Նա այս առնչությամբ Facebook-ի իր էջում գրել է.
«Հայաստանում քննադատական մի քանի ձայն հնչեց՝ Իլհամ Ալիեւին մեր պատվիրակության հարց չտալու կապակցությամբ: Փորձեմ առավել հստակ եւ մատչելի պարզաբանել.
ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամությունը ենթադրում է նաեւ դիվանագիտական բնույթի աշխատանք, հետեւաբար եւ՝ դիվանագիտական մոտեցումներ: Եթե ունես մի քանի վայրկյան տեւողությամբ հարցի իրավունք միայն, իսկ պատասխանողն՝ անսահմանափակ ժամանակ՝ իր «հակափաստարկներն» առանց պատասխանի ակնկալիքի հնչեցնելու՝ անհրաժեշտ է հաշվարկել նման հարցի օգտակարության կամ վնասակարության գործակիցը: Եվ դա՝ անկախ հարցի արդարացիությունից կամ որակից: Հարցն ինքնանպատակ չի կարող եւ չպետք է լինի: Եվ եթե ինքնանպատակ է՝ ապա դատապարտված է ձախողման, դարձյալ՝ անկախ իր արդարացիությունից կամ որակից: Հայկական պատվիրակության լռությունը հաշվարկված եւ ինչպես դեպքը ցույց տվեց՝ արդարացված լռություն էր: Լռություն, որ անսպասելի էր նախագահ Ալիեւի համար եւ հիմք հանդիսացավ՝ մեր եվրոպացի գործընկերների կողմից հնչեցված հարցերին նրա խիստ անհավասարակշիռ եւ ռեակցիոն պատասխանի եւ վարքագծի, որն իր հերթին ԵԽԽՎ միջանցքներում խիստ բացասական տպավորություն գործեց՝ հենց ամենասկզբից փաստացի վարկաբեկելով Ադրբեջանի նախագահությունը:
Լռություն կա, որ բազում խոսքերից առավել զորեղ է: Հայկական պատվիրակության լռությունը հաշվարկված, արդարացված եւ արդյունավետ լռություն էր: Եվ այդ լռությունը գնահատել է պետք:
Հայաստանյան մեր ընդդիմախոսներին նույնպես գոնե այս պարագայում՝ լռությունը չէր խանգարի»:





























