Նոյեմբերի 5-ին ոստիկանների հետ բախումների ժամանակ ձերբակալված Շանթ Հարությունյանը կարծում է, որ իրեն եւ իր ընկերներին առաջադրված մեղադրանքը ռուսական գործակալների կողմից ճնշումների հետեւանք է։ Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Նոյեմբերի 5-ի գործով դատական նիստին ասաց Շանթ Հարությունյանը։
«2009թ-ից մեզ հետապնդում են ռուսական գործակալները։ Փորձում են ինձ ոչնչացնել բարոյապես եւ ֆիզիկապես՝ օգտագործելով անգամ իմ որդուն եւ նախկին կնոջը»,- ասաց Շանթ Հարությունյանը՝ նշելով, որ ռուսական գործակալները անպատիժ գործում են Հայաստանում, որովհետեւ նրանց հովանավորներն են իշխանությունները, «Սերժ Սարգսյանը եւ Հովիկը Աբրահամյանը նույնպես ռուսական գործակալներ են»։
Ըստ Շանթ Հարությունյանի, քանի դեռ նրանք կան, Հայաստանում ազատություն եւ անկախություն ուզող քաղաքացիները միշտ պետք է հետապնդվեն։ Ի դեպ, նա հրաժարվեց բացարկ հայտնել դատավոր Մնացական Մարտիրոսյանին, քանի որ, ըստ նրա, արդարադատության համակարգն էլ ռուսական գործակալների ձեռքին է, եւ դատավորին փոխելը գործում ոչինչ չի փոխի։
Շանթ Հարությունյանն անդրադարձավ նաեւ խորհրդային հակասական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը Երեւանում տեղադրելու նախաձեռնությանը։
«Հատկանշական է, որ Երեւանում տեղադրվում է Միկոյանի արձանը, որը բացի ստալինյան ռեժիմի խորհրդանիշը լինելուց նաեւ ցույց կտա, որ ճնշումների կենթարկվեն բոլոր այն քաղաքացիները, որոնք պայքարում են իրենց ազատության եւ անկախության համար»,- ասաց Շանթ Հարությունյանը։
Հայաստանում, ըստ Շանթ Հարությունյանի, ձեւավորվել է նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի օգտին գործող գործակալություն, որի «գործակալները ԱԱԾ գեներալներ են»։
Դատական նիստը շարունակվում է լեփ-լեցուն դահլիճում, որտեղ նաեւ մեծ թվով ոստիկաններ կան։ Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետռո դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց ամբաստանյալ Ալեք Պողոսյանի իրեն ներկայացրած բացարկի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























