Ոստիկանությունը հունիսի 23-ին Երեւանի Սարյան փողոցում անհամաչափ ուժ է կիրառել։ Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, լրագրողներին ասաց իրավապաշտպան Տիգրան Եգորյանը։
«Միանշանակ է, որ ցանկացած քաղաքացի, ցանկացած մարդ իրավունք ունի իրացնելու հավաքի ազատության իր իրավունքը։ Այս բոլոր հավաքները, նաեւ հունիսի 23-ի ակցիան եղել է խաղաղ, համապատասխանել են հավաքների մասին օրենքի սահմանումներին, եւ ոստիկանությունը կիրառել է անհամաչափ մոտեցում»,-ասաց Տիգրան Եգորյանը։
«Հասարակական պաշտպանների միության» գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանն էլ ասաց, որ հունիսի 23-ը աննախադեպ էր Հայաստանի ամբողջ պատմության մեջ։
«Ոստիկանների կողմից նման մեթոդների կիրառումը խաղաղ ցույց ցրելու դեպքում աննախադեպ բիրտ էր։ Մի քանի օր առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարեց էլեկտրաէներգիայի թանկացման մասին եւ նաեւ առաջարկեց քաղաքացիներին ներկայացնել իրենց առաջարկները եւ մտահոգությունները։ Եւ ինչ տեղի ունեցավ՝ եկեք, առաջարկեք, բայց մենք չենք թողնի, եւ մինչեւ մարդկանց հավաքվելը ոստիկանները արդեն մի շարքով պատ էին կազմել»,-ասաց Արամ Գրիգորյանը։
Արամ Գրիգորյանը նշեց, որ էլեկտրաէներգիայի թանկացումը կհանգեցնի տնտեսության բոլոր ճյուղերին թանկացման եւ համատարած գնաճի։
«Իշխանության հիմնավորումները, որ պետական ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու են, շատ անհիմն են, քանի որ Հայաստանում պետական ծառայողները շատ քիչ տոկոս են կազմում զբաղվածների թվում»,-ասաց Արամ Գրիգորյանը։





























