Շանթ Հարությունյանը ողջունում է նոյեմբերի 5-ի գործով առաջին դատական նիստի ժամանակ դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկաններին կրակած Հայկ Կյուրեղյանի քայլը եւ նրան համարում իր մարտական ընկերը։ Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ասաց Շանթ Հարությունյանը։
«Հայկը ճիշտ է արել, որ չի օգտագործել մարտական զենք։ Ես մարտական զենքի օգտագործումը համարում եմ պրովոկացիա։ Իմ եւ իմ ընկերների ձեռքին այս պայքարում չի կարող լիենլ մարտական զենք։ Մենք տեսանք այդ զենքի կիրառման արդյունքը Ուկրաինայում»,-ասաց Շանթ Հարությունյանը։
Նշենք, որ քիչ առաջ պարզ դարձավ, որ Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը կպաշտպանի Վարդան Վարդանյանին եւ Շահեն Հարությունյանին նրանց առաջարկով։
Նշենք, որ հունիսի 12-ին մեկնարկող Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել է մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկաններին հաջողվել էր նրան վնասազերծել ու տանել ոստիկանություն։ Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, Հայկ Կյուրեղյանը կալանավորված է:
Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























