Հունիսի 23-ը նոր կառավարության դեբյուտն էր։ Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, լրագրողներին ասաց «Հասարակական պաշտպանների միության» գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը՝ անդրադառնալով Երեւանի Սարյան փողոցում էլէկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների դեմ ոստիկանների կողմից ֆիզիկական ուժի գործադրմանը։

«Եկան իշխանության, ժողովրդին հանեցին փողոց եւ ծեծեցին ժողովրդին։ Եթե մենք նայենք կառավարության ծրագրերին, ապա կտեսնենք, որ գնաճերին, սղաճերին ոչ մի զսպում չկա, եւ սա նշանակում է, որ աղքատացումը խորանալու է իր համապատասխան հետեւանքներով»,- ասաց Արամ Գրիգորյանը։

Քաղաքացիական ակտիվիստ Հայկ Ավետիսյանը, որը ոստիկանների կողմից ուժի կիրառմամբ բերման էր ենթարկվել հունիսի 23-ին, ասաց, որ իր կարծիքով՝ այդ օրը ոստիկանները հրահանգ էին ստացել շատ կոպիտ ձեւով ուղղակի ցրել խաղաղ ցույցը։

«Մենք շատ ցույցերի ենք մասնակցել, բայց ոստիկանները երբեւէ չեն փորձել նման ուժգնությամբ եւ բիրտ ձեւով ճնշել ցույցը, այդ օրը ոստիկաններից մեկը բռնցքամարտիկի հարվածով խփեց կրծքավանդակիս, երբ մոտեցա իրեն, հետո էլ իմ կամքին հակառակ, բռնի ուժ կիրառելով տարան, մտցրեցին ոստիկանական մեքենան, եւ այդ ժամանակ էլ վնասվածքներ ստացա»,-ասաց Հայկ Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ այսօր մարդկանց սոցիալական վիճակը այնպիսին է, որ պետությունը ոչ մի սոցիալական բեռ  չպետք է ավելացնի, սակայն հակառակն է տեղի ունենում, այդ պատճառով քաղաքացիները պետք է ավելի համախմբվեն եւ դուրս գան պայքարելու իրենց իրավունքների համար։

Քաղաքացիական ակտիվիստ Սերգեյ Ղահրամանյանն էլ հունիսի 23-ի իրադարձությունները կապեց Սերգեյ Լավրովի այցի հետ, քանի որ իշխանությունները Ռուսաստանի «աչքին ուզում էին լավ, մաքուր երեւալ»։

Ակտիվիստները հորդորեցին ամեն դեպքում նման ակցիաների եւ հավաքների ժամանակ ոչ մի դեպքում ոստիկաններին չհարվածել, քանի որ նրանք հենց դրան են սպասում՝ իրենց կիրառած բիրտ ուժը հետագայում հիմնավորելու համար։