Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում հունիսի 25-ին հրավիրված միջոցառման ընթացքում ներկայացվեցին Համշենը, համշենահայությունն ու նրա մշակույթը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, թե երեկոյի ընթացքում ցուցադրվեց թուրքագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Սահակյանի «Համշենը անցյալի եւ ներկայի խաչմերուկներում» վավերագրական ֆիլմը։
Միջոցառումը կազմակերպել էր «Հասարակություն եւ մշակույթ» ՀԿ-ն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ «Հասարակություն եւ մշակույթ» ՀԿ-ն Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի հետ համագործակցաբար հասարակության տարբեր շերտերին ներկայացնում է հայության խնդիրներն ու իրավունքները Թուրքիայի Հանրապետությունում։
Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի թուրքերեն բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանը նկատում է, որ Թուրքիայում բնակվող համշենցիներն առանձնահատուկ են իսլամացած եւ ծպտյալ հայերի շրջանում։ Նրանց մի մասը հայախոս է՝ հաղորդակցվելով հայկական բարբառներից մեկով։ Թուրքագետը նշում է, որ բացի Թուրքիայից` առկա են համշենցիների խմբեր Միջին Ասիայում, Աբխազիայում, Ռուսաստանում։ Հետխորհրդային շրջանում բնակվող համշենահայերը քրիստոնյա են, հայախոս եւ իրենց համարում են հայ։ Ինչ վերաբերում է Թուրքիայի համշենցիներին, ապա նրանց մի մասն ընդունում է իր հայկական ծագումը, մյուս մասը՝ ոչ։ Թուրքագետը նկատում է, որ այս հարցում համշենցիները թերեւս մեղավոր չեն, քանի որ տարիներ շարունակ թուրքական պատմագրությունը նրանց մեջ մտցրել է այն գաղափարը, թե իբր համշենցիները թուրքական ցեղի մի տեսակ են։ Եվ նրանց համար դժվար է միանգամից կարծրատիպերը հաղթահարել։ Այնուամենայնիվ, վերջին տասնամյակում որոշ տեղաշարժեր նկատվում են։ Համացանցի, հաղորդակցման միջոցների զարգացման, հայ գիտնականների ուսումնասիրությունների ու այցելությունների շնորհիվ համշենցիները տեղեկանում են իրենց ծագման մասին։
«Համշենը անցյալի եւ ներկայի խաչմերուկներում» ֆիլմի հեղինակ Լուսինե Սահակյանը կինոնկարի ցուցադրումից հետո պատասխանեց հանդիսատեսի հարցերին։ Նա մասնավորապես նշեց, որ ֆիլմն արժանացել է Հոլիվուդում անցկացվող «Արփա» միջազգային կինոփառատոնի Արմին Վեգների անվան հեղինակավոր մրցանակին: Այն ցուցադրվել է նաեւ «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային, Նյու Յորքում կայացած «Socially Relevant Films» կինոփառատոներում, Տորոնտոյի «Նուռ» փառատոնում, Պրահայում եւ այլն: Այսօր արդեն ֆիլմի տիտրերը թուրքերեն թարգմանելու մտադրություն կա։
Նշենք, որ ֆիլմում տեղ են գտել դրվագներ Համշենի հայկական երբեմնի հզոր իշխանության պատմության, նրա բնակիչների բռնի իսլամացման մասին։ Ռիզեի եւ Արդվինի նահանգներում կատարված բացառիկ նկարահանումների շնորհիվ հանդիսատեսը ծանոթանում է Խոփայի, Չամլըհեմշինի, Արդաշենի, Չայելիի գավառների համշենցիների պարերի, երգերի, նրանց խոսվածքի ու բանահյուսության, հավատալիքների, զբաղմունքի, ինչպես նաեւ խոհանոցի հետ: Ներկայացվում են նաեւ ինքնության հետ կապված համշենցիների ընկալումներն ու նրանց ժողովրդագրական պատկերը:





























