«Վերնիսաժում» մայիսի 17-ին վիրավորված, այնուհետեւ նույն գործով կալանավորված Ներսես Մելքոնյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ հունիսի 30-ին նշանակվել է դատական նիստ Վերաքննիչ դատարանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ներսեսի փաստաբան Վարդուհի Էլբակյանը:
«Դատական նիստը նշանակվել է հունիսի 30-ին, Ներսես Մելքոնյանին չեն բերելու, որովհետեւ Վերաքննիչ դատարանի կարգն է այդպիսին: Եթե Վերաքննիչ դատարանը չբեկանի առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը՝ խափանման միջոցը կալանք ընտրելու վերաբերյալ, ապա համապատասխան միջնորդություններ կարվեն: Դեռ չեմ կարող ասել, թե ինչպիսի միջնորդություններ, միգուցե քաղաքացիական հիվանդանոց կամ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու վերաբերյալ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իր պաշտպանյալը դեռ գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, որը դեռ հիվանդանոցում է, մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում, «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար եւ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։ Հունիսի իննին կալանավորվել էր նաեւ Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանցագործություն կատարելու մեջ, այն է՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից: Այն պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով: Ենթադրվում է, որ Վալերի Հովհաննիսյանը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կձերբակալվի։ Նշենք, որ նա ամենածանրն էր վիրավորվել մայիսի 17-ին եւ ըստ փաստաբանների՝ երկարատեւ բուժման կարիք ունի։





























