Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 25-ին Բրյուսելում ներկա գտնվեց եւ ելույթ ունեցավ Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին մասնակցող երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Աֆղանստանում տիրող իրավիճակին եւ միջազգային հանրության անելիքներին նվիրված հանդիպմանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ եւ Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին մասնակցող շուրջ հինգ տասնյակ երկրների ԱԳ նախարարներ:

Ելույթ ունենալով հանդիպմանը` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ միջազգային հանրության կողմից հետեւողական ջանքեր են գործադրվել Աֆղանստանում անվտանգության եւ կայունության հաստատման համար, եւ այժմ, երբ երկրում անվտանգության ապահովման գործառույթը փոխանցվել է Աֆղանստանի անվտանգության ազգային ուժերին, կարեւոր է նրանց համապատասխան օգնության ցուցաբերումը իրենց առաքելությունն արդյունավետ իրականացնելու համար։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս հայտնեց, որ Աֆղանստանում ի հայտ եկած հետընտրական բարդությունները հնարավոր կլինի հաղթահարել կառուցողական, կողմերի համար ընդունելի եղանակով՝ ճանապարհ հարթելով երկրում կայունության հաստատման եւ անվտանգության ապահովման համար։

Նախարար Նալբանդյանն իր խոսքում վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում անվտանգության եւ ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին: