Հյուսիսային Կորեայի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ հոլիվուդյան ֆիլմի էկրաններին հայտնվելը, որում սպանում են Կիմ Չեն Ընին, ԱՄՆ-ի դեմ պատերազմ հայտարարելու պատճառ կդառնա, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Ֆիլմի անվանումը չի հիշատակվում, սակայն հայտնի է, որ հոկտեմբերին նախատեսված է Ջեյմս Ֆրանկոյի եւ Սեթ Ռոգենի «Հարցազրույց» ֆիլմի պրեմիերան՝ նմանատիպ սյուժեով: Ֆիլմում հեռուստահաղորդավարն ու պրոդյուսերը ժամանում են Փհենյան՝ Կիմ Չեն Ընի հետ հարցազրույցի համար, սակայն նրանց հավաքագրում է ԿՀՎ-ն՝ հյուսիսկորեացի առաջնորդին սպանելու նպատակով:

«Ֆիլմի արտադրությունն ու վարձույթը ագրեսիայի եւ ահաբեկչության անթույլատրելի ակտ է: Եթե ամերիկյան ղեկավարությունը թույլատրի այդ ֆիլմը, պատասխան անողոք միջոցներ կձեռնարկվեն»,- ասված է Հյուսիսային Կորեայի նորությունների պաշտոնական գործակալության հայտարարությունում: