Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նախազգուշացրել է Իրաքին երկրի հավանական մասնատման մասին, ինչին կարող են նպաստել երկրի հյուսիսային շրջաններում իսլամիստների հետագա հարձակումները:
Գերմանական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, որ մտահոգությամբ է ընդունել ազգային միասնականության կառավարություն ձեւավորելու Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքի մերժումը: Շտայնմայերի կարծիքով, իրաքյան խնդրի քաղաքական լուծման կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե նոր կառավարությունում ներառվեն «երկրի բոլոր տարածաշրջանների եւ կրոնների ներկայացուցիչները»:
Գերմանացի նախարարը կրկին նշել է, որ ԳՖՀ-ն պետք է փորձի համոզել Իրաքին միավորվել, քանի որ «ոչ ոք չի կարող շահագրգռված լինել պետական հեղինակության կորստով», հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով dpa գործակալությանը:
Ավելի վաղ, ազգային փրկության կառավարության ձեւավորման Իրաքի վարչապետի մերժումը ավելի էր խորացրել ճգնաժամը երկրում: Քաղաքական գործիչը վճռական կերպով մերժել էր շիաների, սուննիների եւ քրդերի ներկայացուցիչներից բաղկացած նախարարների աշխատակազմ ստեղծելու հնարավորությունը: Նա ընդգծել էր, որ նման քայլը հակասում է սահմանադրությանը: Իր քաղաքական հակառակորդներին ալ-Մալիքին մեղադրել է «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» սուննիական ամբստամբ շարժմանը հարելու մեջ:





























