Գորիսի բժշկական կենտրոնում հունիսի 23-ին նորածնի մահվան մեջ մեղադրվող մանկաբույժ Աիդա Հարությունյանը շարունակում է աշխատել, հիվանդանոցի տնօրինությունը դեռ չի որոշել՝ արդյոք նա աշխատանքից կազատվի, թե ոչ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լեւոն Հարությունյանը:
«Հիվանդանոցի տնօրենը պետք է որոշում կայացնի, նա էլ Մոսկվայում է: Իհարկե, դեպքի մասին նրան ասել ենք, սակայն մինչեւ նա չգա, ոչ մի որոշում էլ չի կայացվելու: Դատաբժշկական փորձաքննությունն էլ իր հերթին բոլոր հարցերի պատասխանները կտա՝ կապված մանկաբույժի բժշկական-մասնագիտական որակների հետ, սակայն նշեմ, որ մենք թերություններ նկատել ենք. Դեղերը, որ նա մահացած նորածնի ծնողներին ուղարկել է գնելու, մենք ունեցել ենք: Երեկ ես նախարարության աշխատակիցներին էլ եմ ցույց տվել այդ դեղերը, չեմ հասկանում, թե ինչու է նրանց ուղարկել դեղ գնելու, իսկ բուն մահվան դեպքի մասին սպասենք փորձաքննության արդյունքներին»,- ասաց նա:
Փոխտնօրենի պնդմամբ՝ սա առաջին դեպքն է, երբ մանկաբույժին մեղադրում են անբարեխիղճ աշխատելու մեջ. «Ախր, նա 25 տարուց ավելի աշխատում է մեզ մոտ, երբեք ոչ մի հիվանդ նրանից չի բողոքել: Թե այս անգամ ինչ է եղել, չեմ կարող ասել: Ամեն դեպքում երեխաների մահացության դեպքերը Հայաստանում շատ քիչ տոկոս են կազմում, իսկ Գորիսում՝ միջինից էլ ցածր: Նաեւ մահացած նորածնի ծնողները մեղադրում են այն բանի մեջ, որ մենք հերթապահ նորածնային բժիշկ չունենք: Պետք է հասկանալ, որ նման մասնագետները մարզերում մեկական են, եւ անհնար է, որ նույն բժիշկը գիշեր-ցերեկ աշխատի»:
Նշենք, որ մահացած նորածնի մայրը՝ Սյուզի Այվազյանը NEWS.am-ին ասել էր, որ իր երեխայի մահվան մեջ մեղավոր է մանկաբույժը: Սյուզիի խոսքով՝ իրեն հիվանդանոցում չեն ասել, որ երեխան խնդիրներ ունի, ծնվելուց երկու օր անց՝ ամսի 23-ին, առավոտյան ժամը 06:15-ին, բուժքույրն իրենից տակդիր է ուզել, երեխան անհանգիստ է եղել, իրեն չեն թողել ներս մտնել, իսկ արդեն ժամը 07։00-ի մոտ ասել են, որ փոքրիկը մահացել է: Սյուզին վստահեցնում է, որ բուժքույրն է երեխային օգնություն ցուցաբերել, քանի որ մանկաբույժը հիվանդանոցում չի եղել:





























