Ազգային ժողովի Էթիկայի հանձանաժողովն այսօր՝ հունիսի 26-ին կայացած դռնփակ նիստի ժամանակ մերժել է սկսել լրագրող Արեւիկ Իսաջանյանի դիմումի քննությունն՝ ընդդեմ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց էթիկայի հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Նրա փոխանցմամբ՝ դիմումի քննությունը մերժվել է, քանի որ բավարար հիմքեր չեն եղել:
Նշենք, որ լրագրողը հանձնաժողովին դիմել էր հունիսի 12-ին՝ հայտնելով, որ ինքը հունիսի 10-ին մոտեցել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին՝ «մի քանի հարց ուղղելու իր սեփականատիրական գործունեության վերաբերյալ»:
«Դրան ի պատասխան՝ ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը վիրավորել է ինձ՝ լրագրողիս՝ անվանելով «անգրագետ» (որպես ապացույց՝ կարող եմ ներկայացնել նաև իմ և տկն Նաղդալյանի զրույցի ձայնագրությունը)»,- մասնավորապես ասված է դիմումում:





























