Նախարարներն ու պատգամավորներն էլ իրավունքներ ունեն, եւ չի կարելի նրանց վրա մետաղադրամներ նետել, Կառավարության հունիսի 26-ի նիստում հայտարարել է  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ մեկնաբանելով «ԴԵ!Մ ԵՄ» շարժման ցույցի մասնակիցների   պահվածքը, որոնք հունիսի 21-ին  մետաղադրամներ էին նետել իշխանության ներկայացուցիչների վրա: Հիշեցնենք, այդ օրը խորհրդարանը հաստատել էր կուտակային կենսաթոշակների նոր համակարգը: «Ցանկանում եմ նշել, որ իշխանության ներկայացուցիչներն էլ ունեն մարդու ազատություններն ու իրավունքները»,- նշել է Աբրահամյանը:

Ըստ նրա՝ հանրության շրջանում ազատությունն ու բազմակարծությունը աջակցության կարիք ունեն: Միանշանակ ընդունելի է կարծիքի արտահայտման եւ տարածման ազատությունը, խաղաղ հանրահավաքների իրավունքը:

«Ես ոչ միայն աջակցում եմ, այլեւ մինչեւ վերջ կպաշտպանեմ քաղաքացիների այդ իրավունքները: Բայց այդ ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսում է ոտնահարվել այլոց իրավունքները: Այդ ժամանակ այն վերածվում է ամենաթողության: Անարխիայի հանդեպ հանդուրժողականությունը վտանգավոր է երկրի համար, եւ այստեղ ես հանդուրժող չեմ լինի»,- հայտարարել է  Աբրահամյանը:

Նա արդարադատության նախարարին եւ ոստիկանապետին հանձնարարել է իրավիճակի կազմակերպական եւ օրենսդրական լուծումներ մշակել՝ անհրաժեշտության դեպքում եվրոպացի գործընկերների հետ համագործակցելով: