Հայաստանում զգալիորեն աճել է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերի թիվը:

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության առաջին բաժնի պետի տեղակալ Տիգրան Սահակյանի փոխանցմամբ, այս տարվա հինգ ամիսների ընթացքում հանրապետությունում բացահայտվել է 443 դեպք՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 331 դեպքի փոխարեն: 166 քաղաքացի քրեական պատասխանատվության է ենթարկվել:

Անչափահասների թիվը, բարեբախտաբար, չափազանց փոքր տոկոս է կազմում: Թմրանյութերի ապօրինի շրջանառության թվի աճին զուգահեռ, ավելացել է թմրամոլների թիվը: 264 մարդ շարունակում է բուժվել դիսպանսերում:

Ըստ Տիգրան Սահակյանի, Հայաստանում թմրանյութ ներմուծվում է հիմնականում Իրանից եւ Թուրքիայից: Մի մասը մնում է տեղական շուկայում, մյուս մասը տարանցիկ ուղիով դուրս է բերվում երկրից: Միաժամանակ, երկրում աճում են թմրանյութ պարունակող բույսերի որոշ տեսակներ: Պրոֆիլակտիկ նպատակներով ՀՀ Ոստիկանությունը հատուկ գործողություն է անցկացնում, որի ընթացքում այդ բույսերի հայտնաբերված ցանքը ոչնչացվում է: