Ստամբուլի Քումքափը թաղամասին կից ծովափին հունիսի 14-ի գիշերը սպանված հայաստանցի Համբարձում Հարությունյանի որդին՝ 11-ամյա Գառնիկը ճանաչել է հորը սպանողին. Նա Գյումրիի բնակիչ, 28-ամյա Ստեփան Կասաբյանն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Համբարձումի կինը՝ Քրիստինե Մամիկոնյանը:
«Մենք Ստամբուլի ոստիկանությունից պարզեցինք, որ մարդասպանի անուն ազգանունը Ստեփան Կասաբյան է, 28 տարեկան, «Օդնոկլասսնիկի»-ում գտանք, ու տղաս ճանաչեց նրան: Քանի օր է՝ տեղներս չենք գտնում, չգիտենք՝ ոնց ու որտեղից գտնենք նրան: Բայց մի բան հաստատ գիտենք, որ Ստամբուլում է: Մի բան էլ ենք իմացել, որ էդ Ստեփանը թաքնվում է սիրուհու՝ ոմն Մարինեի մոտ: Մարինեն մեր ընտանիքի մտերիմներից էր, ընտանիքներով շատ մոտ ենք: Բայց էս սպանությունից հետո Մարինեն էլ անհետացել է, կապերը խզել իմ ու երեխաներիս հետ: Հետո ինձ ասացին, որ հենց Մարինեն է թաքցնում Ստեփանին՝ իր սիրեկանին: Բայց մենք սա էդպես չենք թողնելու, գտնելու ենք էդ մարդասպանին»,- ասաց նա:
Համբարձում Հարությունյանի կինը պատրաստվում է այցելել Մարինեի աղջկան ու փորձել պարզել նրա գտնվելու վայրը:
Ավելի վաղ NEWS.am-ը, հղում անելով թուրքական Medya73 կայքին, հայտնել էր, որ Ստամբուլում անօրինական ապրող Հայաստանի քաղաքացի Համբարձում Հարությունյանը որդու՝ 11-ամյա Գառնիկ Հարությունյանի եւ մի քանի այլ անձանց հետ Քումքափը թաղամասին կից ծովափում վիճաբանել են: Վիճաբանությունը թեժացել է, որի ընթացքում դանակահարվել են հայր ու որդի Հարությունյանները: 36-ամյա Համբարձում Հարությունյանի կյանքը չի հաջողվել փրկել: Նրա որդին եւ եւս մեկ այլ հայ՝ Մարտին անունով, տեղափոխվել են հիվանդանոց: Մարտինը հայտնել է, թե երեք հոգի իրենց դանակահարել եւ հեռացել են: Նշենք, որ Համբարձում Հարությունյանը Թուրքիա էր մեկնել անցած տարվա սեպտեմբերին կնոջ, երեք անչափահաս երեխաների, մոր եւ քրոջ հետ:






























