Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովին եւ նվիրել նրան Չապաեւի արձանիկը, հաղորդում է «Լուրերի ռուսական ծառայությունը»:

Ընդունելով Պուտինի նվերը՝ ՌԴԿԿ-ի ղեկավարը նշել է, որ քաղաքացիական պատերազմի հերոսի կերպարը նրան նոր սխրանքների է ոգեշնչում: Զյուգանովը նաեւ հիշեցրել է, որ 65-ամյակին նախագահը նրան շնորհել էր Կարլ Մարքսի եւ Ֆրիդրիխ Էնգելսի «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը»:

Ինչպես ավելի վաղ էր հայտարարվել, Զյուգանովն իր հոբելյանը աշխատավայրում կնշի: Հինգշաբթի երեկոյան «եղբայրական ընթրիք» է նախատեսվում, որին կհրավիրվեն ընկերներն ու բարեկամները:

Զյուգանովը քաղաքական գործունեությամբ է զբաղվում արդեն մոտ կես դար: Նա 4 անգամ առաջադրվել է ՌԴ նախագահի պաշտոնում եւ ամեն անգամ երկրորդ տեղը զբաղեցրել: