«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչ չի նշանակվել, պարզապես նրա պարտականությունները ներկայումս կատարում է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց թանգարանի շահագործման բաժնի վարիչ Գագիկ Գրիգորյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնական Մարինե Ավանեսյանը՝ հերքելով մամուլում հայտնված տեղեկությունը, թե նոր վարիչն արդեն նշանակվել է:

«Վարիչի պարտականությունները ներկայումս ժամանակավոր կատարում է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց թանգարանի շահագործման բաժնի վարիչ Գագիկ Գրիգորյանը: ՊՈԱԿ-ի տնօրենի որոշմամբ է դա եղել: Ինքը վարիչ չի նշանակվել, «Զվարթնոց» արգելոց-թանգարանի մասնաճյուղն այս պահի դրությամբ վարիչ չունի, երեք ամսվա ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրենը նոր վարիչ կնշանակի»,- ասաց նա:

Մարինե Ավանեսյանի խոսքով՝ Գագիկ Գրիգորյանն արդեն 4 տարի աշխատում է այս համակարգում, նա նախկին վարիչի որդին է:

Նշենք, որ մշակույթի նախարարությունը կորպորատիվ միջոցառումներ անցկացնելու համար պատմամշակութային վայրերը վարձով է տրամադրում: Մեկ օրվա արժեքը սկսում է 200 հազար դրամից: Նմանատիպ կորպորատիվ միջոցառումներ արդեն անցկացվել են Զվարթնոցում եւ Գառնիում: Զվարթնոցում հունիսի 14-ին հայ եւ ռուս գործարարները «տկլոր փարթի» էին կազմակերպել, իսկ հունիսի 18-ին էլ կենտրոնական բանկն էր կորպորատիվ միջոցառում կազմակերպել: Ի դեպ, միջոցառումների օրերին հուշարձանները փակ են լինում զբոսաշրջիկների համար: Հունիսի 20-ին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նկատողություն էր արել ՊՈԱԿ-ի ղեկավարին, իսկ վերջինս էլ աշխատանքից ազատել էր մասնաճյուղի վարիչին: