Էլեկտրաէներգիայի թանկացման հարցով հունիսի 23-ին Երեւանում կայացած ցույցերի ընթացքում տեղ գտած միջադեպերին մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը գնահատական կտա Ոստիկանության ծառայողական քննությունից հետո: Այս մասին Կառավարության հունիսի 26-ի նիստում հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
Նա հիշեցրել է, որ օմբուդսմենի գրասենյակն արդեն պաշտոնական հայտարարություն է պատրաստել, բայց դրանով աշխատանքը չի ավարտվի: «Մենք սպասում ենք ծառայողական քննության արդյունքներին»,- ամփոփել է Անդրեասյանը: Հիշեցնենք, հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի թանկացման հարցով հանրահավաքի ժամանակ ոստիկանությունը բերման էր ենթարկել 27 մարդու:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իր հայտարարությունում Ոստիկանության գործողություններն անվանել է ոչ պրոֆեսիոնալ, իսկ մի շարք ցուցարարների վարքը՝ անընդունելի:




























