Հայաստանի Ազգային Ժողովի պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը որոշում է կայացնելու պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի վարքի վերաբերյալ: Այս մասին հունիսի 26-ին Կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Նա հիշեցրեց, որ օմբուդսմենը կարող է միայն անդրադառնալ քաղաքացիների եւ պետական մարմինների միջեւ առաջացած հարցերին:

«Մեր պարտականությունների մեջ չեն մտնում անձնական բնույթի հարցերը, եւ որքան էլ ես բացասաբար վերաբերվեմ կատարվածին, պաշտոնական հայտարարություններ չեմ կարող անել: Միայն կասեմ, որ գեղեցիկ չէ որեւէ մեկին նսեմացնելը, սա վերաբերում է ե՛ւ վիրավորանքներին, ե՛ւ մանրադրամներ նետելուն»,- նշել է Կարեն Անդրեասյանը:

Ինչ վերաբերում է «Դեմ եմ» շարժման ակտիվիստների պահվածքին, ովքեր ի պատասխան Աղաբաբյանի վրա մանրադրամներ են նետել, Անդրեասյանը հայտարարեց, որ այդ հարցը նույնպես իր իրավասության տակ չէ. «Եթե մետաղադրամ նետելն անձի արժանապատվության ոտնահարում է համարվում, քաղաքացին կարող է դիմել դատարան՝ իր իրավունքները պաշտպանելու»:

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին իշխող կուսակցությունից պատգամավոր, հայտնի գործարար Աշոտ Աղաբաբյանը վիրավորել էր խորհրդարանի շենքի առջեւ հավաքված ակտիվիստներին: Վերջինները բողոքում էին կուտակային կենսաթոշակային նոր համակարգի դեմ: