ՀՀ կառավարությունը տարածք կհատկացնի Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն ստուդիային: Գործադիրի հունիսի 26-ի նիստում Պետական գույքի կառավարման հանձնաժողովի նախագահ Արման Սահակյանը հայտնել է, որ տարածքը Երեւանի դպրոցներից մեկում է (Արշավիր Շավարշյանի անվան N40 դպրոց):

620 քմ տարածքում կստեղծվեն հայկական անիմացիաների թանգարան, կինոթատրոն եւ անիմացիոն ստուդիա՝ երեխաների շրջանում հայկական մուլտիպլիկացիոն արվեստը տարածելու նպատակով:

Ռոբերտ Սահակյանցը խորհրդային շրջանի հայ ամենահայտնի մուլտիպլիկատորներից է, ով 90-ականներին մի շարք սիրված մուլտֆիլմեր է ստեղծել: Սահակյանցի գործը շարունակում են նրա երեխաները, որոնք հոր անվան ստուդիա են բացել: