Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանին լարվածությունը հայկական դիվանագիտության պասիվ դիրքի հետեւանք է: Հունիսի 26-ին կայացած ասուլիսում նման կարծիք հայտնեց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով, եթե հետագայում նույնպես Երեւանը միջոցներ չձեռնարկի, Բաքուն կշարունակի առաջ տանել իր գիծը, ինչը կբերի իրավիճակի առավել սրման:
«Մենք անընդհատ սպասում ենք, թե երբ մեր դարպասին գոլ կխփեն, եւ միայն հետո ենք սկսում շարժվել»,- նշեց Ալավերդյանը՝ հավելելով, որ սպասողական դիրքորոշումը տվյալ հակամարտության պարագայում գործողությունների լավագույն տարբերակը չէ: Դրա փոխարեն, առաջին օմբուդսմենի կարծիքով, հայկական դիվանագիտությունը պետք է համապատասխան աշխատանք տանի՝ նպատակ ունենալով ցույց տալ, որ Բաքվի պահանջների իրականացումը չի բերի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության:




























