Գյումրիի բնակիչ, 30-ամյա Արտյոմ Հ.-ն մեղադրվում է հորաքրոջ տղային դանակահարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 15-ին ժամը 21:00-ի սահմաններում: Արտյոմը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նշանադրության ժամանակ հորաքրոջ որդու՝ Ռ.Հարությունյանի կողմից տրվելիք հայհոյանքները սաստելու նպատակով վիճաբանել է նրա հետ, ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, որի ընթացքում Ա.Հարությունյանը իր մոտ կրած սառը զենք հանդիսացող դանակով 3 անգամ հարվածել է Ռ.Հարությունյանի մարմնի տարբեր մասերին, պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Արտյոմ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 4-րդ մասով: Առաջինը նախատեսում է ազատազրկում՝ երեքից յոթ տարի ժամկետով, իսկ երկրորդը՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Նա կալանավորված է:
Գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը կնշանակվի առաջիկայում:





























