Դիլիջանում դեռ անցած տարվա դեկտեմբերի 24-ին հնչած կրակոցների գործով, ինչի հետեւանքով երկու երիտասարդներ մահացել էին, մեղադրանք է առաջադրվել 32-ամյա Արթուր Ալոյանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուրը դեպքի օրը իր վարած «Պորշ Կայեն» մակնիշի մեքենայով ականատես է եղել Արտավազդ Թամրազյանի եւ Նավասարդ Աբգարյանի միջեւ վիճաբանությանը, որի ընթացքում նկատել է, որ Նավասարդ Աբգարյանն իր ավտոմեքենայից կրակել է այդ պահին ավտոմեքենայի ձախ կողմում գտնվող Արտավազդ Թամրազյանի վրա ու ատրճանակը ձեռքին իջել է ավտոմեքենայից: Այնուհետեւ Արթուր Ալոյանը, նստելով իր հիշյալ ավտոմեքենան, դանդաղ վարել է Մյասնիկյան փողոցով դեպի վերեւ, որտեղ Նավասարդ Աբգարյանը մոտենալով՝ նստել է իր վարած «Պորշ Կայեն» ավտոմեքենան ու նշված ատրճանակը թողնելով ավտոմեքենայի հետեւի աջ նստատեղին՝ հեռացել է:
Դրանից հետո Արթուր Ալոյանը իր ավտոմեքենայի հետեւի աջ նստատեղին տեսնելով նշված ատրճանակը , առանձնապես ծանր հանցագործության գործիքի` <Նագան> տեսակի ատրճանակի նախապես չխոստացված պարտակման դիտավորությամբ, ավտոմեքենայով գնացել է դեպի Դիլիջան քաղաքի կենտրոն եւ դեպքի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա թաքցրել է նշված ատրճանակը:
2014թ.հունվարի 9-ին, ժամը 11:10-ին Արթուր Ալոյանը զանգահարելով ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Արթուր Եգանյանին, հայտնել է թաքցրած ատրճանակի տեղը:
Արթուր Ալոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելը` հանցանք կատարած անձի, ինչպես նաեւ հանցագործության կատարման գործիքների ու միջոցների, հանցագործության հետքերի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաների նախապես չխոստացված պարտակումը՝ եթե բացակայում են սույն օրենսգրքի 3341-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները: Այս մեղադրանքը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Արթուրը կալանավորվել է:
Գործը քննվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը կնշանակվի առաջիկայում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 24-ին Դիլիջանում երիտասարդների երկու խմբի միջեւ տեղի էր ունեցել վիճաբանություն, հնչել էին կրակոցներ, վիրավորվել էին երկու երիտասարդներ: Մեկին՝ Թեղուտի գյուղապետի 34-ամյա որդուն՝ Արտավազդ Թամրազյանին, տեղափոխել էին Երեւանի բժշկական հաստատություններից մեկը, որտեղ եւ նա մահացել էր։ Դեպքից հետո Դիլիջանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Դիլիջանի բնակիչ, 33-ամյա Նավասարդ Աբգարյանը (Նավո), որը եւս մահացել էր: Վերջինս Դիլիջանի մեծահարուստ, «Հաղարծին» ռեստորանային համալիրի սեփականատեր Արմեն Աբգարյանի եղբոր որդին է:





























