ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Երեւան ոչ մի կերպ չի ազդել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա, հունիսի 26-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա՝ Լավրովի խոսքը գաղտնի իմաստ է պարունակել:   

 «Կարելի է շատ լավ բաներ ասել՝ ըստ էության ոչինչ չասելով», - կարծում է Ալավերդյանը՝ մեկնաբանելով նախարարի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը շահագրգռված է ղարաբաղյան հիմնախնդրի շտապ կարգավորման հարցում:

Ավելին, Ալավերդյանը նշել է, որ վերջին ժամանակներս նկատվում է ԵԱՀԿ ՄԽ երկրների տարօրինակ միասնություն՝ Մադրիդյան  սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում: Եվ վերջապես, մարդու իրավունքների առաջին պաշտպանը անտեղի է համարում տեղի մամուլում ՌԴ արտգործնախարարի հայկական ծագումը նշելը: «Մենք պետք է դադարենք մտածել, որ դա որեւէ կերպ կօգնի մեզ: Իսկ եթե անկեղծ խոսենք, ապա պատմությունը ցույց է տալիս, որ հայկական արմատներ ունեցողները ավելի խիստ վերաբերմունք են դրսեւորում հայկական խնդիրների  նկատմամբ, քան դա անում են ուրիշները»: