Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հրաժարվեց մեկնաբանել, թե ինչու լեգենդար մարզիկ Յուրի Վարդանյանը նշանակվեց Վրաստանում ՀՀ դեսպան:
«Դեսպաններին նշանակում է հանրապետության նախագահը, իսկ նրա որոշումները ես չեմ մեկնաբանում: Ընտրվել է, որովհետեւ գտնվել է, որ նա կարող է լավ ծառայել հայ-վրացական հարաբերությունների զարգացման համար: Նորից եմ ասում` ես նախագահի որոշումները չեմ մեկնաբանում»,- այսօր` հունիսի 26-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը:
Նշենք, որ Յուրի Վարդանյանը Վրաստանում ՀՀ դեսպան է նշանակվել հունիսի 25-ին: Մինչեւ այդ նա սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարն էր:





























