ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները պրոֆեսիոնալ են եւ հայրենասեր, նրանք գիտեն` ինչպես վարվել: Այս մասին այսօր` հունիսի 26-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով այն հարցին, թե որքանով էր ճիշտ հայկական պատվիրակության լռելը Իլհամ Ալիեւի ելույթից հետո:
«Տեսականորեն կարելի է տարբեր սցենարներ քննարկել, այստեղից շատ հեշտ է դատողություններ անել: Ես ոչ մեկի հայրենասիրության վրա չեմ կասկածում, հայրենասեր եւ պրոֆեսիոնալ մասնագետներ են: Երեւանից չենք կարող ասել, թե ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ: Տարբեր կուսակցություններից են, սակայն պրոֆեսիոնալ են եւ հայրենասեր»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում Ադրբեջանի նախագահը ստի մեջ էր մեղադրել Մեծ Բրիտանիայի պատվիրակ Փոլ Ֆլինին, ով «համարձակվել էր» հարցնել Ադրբեջանում լրագրողների դեմ հարձակումների մասին: «Դու ստում եք: Դա սուտ է»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ իր երկրում «ազատ ու արդար ընտրություններ են անցկացվել»: «Մեր երկրում այդպես է, հնարավոր է, ձեր երկրում այլ կերպ է»,- հավելել էր Ալիեւը:





























