Առանձին երկրների հետ առեւտրի եւ տուրքերի ռեժիմների վեևաբերյալ բանակցություններում ԱՀԿ-ն հանդես է գալիս ոչ որպես մոնոլիտ կառույց: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարել է ՌԴ կառավարությանը կից ֆինանսական համալսարանի դոցենտ Նատալյա Լիսովան՝ պատասխանելով այն հարցին, թե որքան բարդ կարող են լինել բանակցությունները Հայաստանի եւ ԱՀԿ միջեւ Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելու ենթատեքստում:
Եթե խոսենք ռուսական փորձի մասին, ապա բանակցություններն ԱՀԿ-ի հետ տպավորություն չէին ստեղծում, թե կազմակերպությունը դեմ է Ռուսաստանի հետ միացյալ ճակատին: Այնուամենայնիվ, ամեն ինչ հանգում էր առանձին երկրների հետ բանակցություններին: «Այն ժամանակ ինքս էի մասնակցում այդ բանակցություններին, նման ոչինչ չեմ նկատել: Օրինակ ես Չինաստանի հետ բանակցությունների խմբում էի, որը հանդես էր գալիս միայն իր անունից»,- նշել է Լիսովան:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Սոչիում ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարեց այն մասին, որ Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն կպահանջի հանրապետությունից բանակցություններ ԱՀԿ գործընկերների հետ փոխհատուցումների մասին, որոնց շահերին կանդրադառնան մաքսային տռեժիմի փոփոխությունները:





























