ՀՀ  ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը դատի է տվել Գյումրու քաաքապետարանին՝ պահանջելով  վճարել  նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ քաղաքապետարանի աշխատակիցների  անվտանգության պահպանության համար մատուցած ծառայության մեկ ամսվա գումարը՝  850 հազար դրամ: 

Գյումրու նախկին քաղաքապետի  դեմ 2007թ. ապրիլի 1-ին կատարված մահափորձից հետո (ի դեպ, մահափորձը մինչեւ օրս բացահայտված չէ, դեպքի օրը հրազենային վիրավորումից մահացել էին Վարդան Ղուկասյանի երկու թիկնապահներն ու վարորդը) Վարդան Ղուկասյանը 2009թ. փետրվարին մեկ  տարի ժամկետով ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության հետ պայմանագիր էր կնքել, որպեսզի  իրավապահ մարմինները հատուկ հսկողություն սահմանեին քաղաքապետարանում։ Ծառայության ամսական գումարը  կազմում էր 850.000 դրամ:

Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո, սակայն, այն չի լուծարվել, ոստիկանությունն էլ շարունակել է իր ծառայություն մատուցել մինչեւ 2012թ. օգոստոսի 29-ը: Նույն տարվա սեպտեմբեր ամսին, արդեն ընտրվելով նոր քաղաքապետ, Սամվել Բալասանյանը հրաժարվեց  քաղաքապետարանի աշխատակիցների ու նախկին քաղաքապետի անվտանգության համար մատուցված ծառայության մեկ ամսվա գումարը փոխանցել:

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը դատական գործ է հարուցել Գյումրու քաղաքապետարանի դեմ: Դատական գործընթացն արդեն սկսվել է։

NEWS.am-ի հետ զրույցում Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն ասաց, որ Սամվել Բալասանյանն էլ իր հերթին դիմում-բողոք է ներկայացրել  ՀՀ գլխավոր դատախազին ու իրեն, որտեղ ներկայացրել է, որ Վարդան Ղուկասյանը համայնքի միջոցները ոչ նպատակային է օգտագործել, ինքն էլ չի պատրաստվում այդ գումարը փոխհատուցել:

«Պետք է ասել, որ այս որոշումը հաստատել է ավագանին, ու կա որոշումը՝ քաղաքապետարանի բյուջեի կատարողականով»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը:

Համայնքի բյուջեն անտեղի վատնելու համար Վարդան Ղուկասյանի դեմ գործ հարուցելու՝ Սամվել Բալասանյանի դիմումը ոստիկանությունը մերժել է՝ հանցակազմ չգտնելու  պատճառով։

«Եթե  դատարանում պարզվի, որ նախկին քաղաքապետը սխալ է, ապա թող իր  անձնական միջոցներից  գանձեն այդ գումարը , եթե, իհարկե,  քաղգործով  նման դատավճիռ կկայացվի»,-ասաց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:

Ի դեպ, Սամվել Բալասանյանը, թեեւ միշտ նշում է, որ թիկնապահներ չունի, սակայն նա շրջում է ուղեկցող մի քանի մեքենաներով, իսկ քաղաքապետարանի շենքի երեք հարկերում շրջում են ոստիկանները: