ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազեւը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին անվանել է «նացիստ»` Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ ասոցացման համաձայնագիր ստորագրելուց մի քանի ժամ առաջ: 

«Եվրոպան փորձում է Ուկրաինային պարտադրել ստորագրել այդ համաձայնագիրը: Նրանք ռազմական հեղաշրջում կազմակերպեցին Ուկրաինայում, նացիստներին օգնեցին իշխանության գալ: Այդ նացիստական կառավարությունը ռմբակոծում է Ուկրաինայի ամենախոշոր շրջանը», - ասել է Գլազիեւը` BBC-ի հարցազրույցում:

«Կարծում եմ` ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելուց հետո Եվրոպայի հասարակությունը… շատ կզարմանա, երբ եվրաբյուրոկրաների եւ որոշ քաղաքական գործիչների ծնած այդ նացիստական Ֆրանկենշտեյնը թակի իր դռները», - հավելել է նախագահի խորհրդականը:

Պատասխանելով այն հարցին,  թե արդյոք նախագահ Պորոշենկոն նացիստ է, Գլազեւն ասել է. «Իհարկե»:

Ըստ Գլազեւի` փաստաթուղթը վավերացնելու վերաբերյալ Պորոշենկոյի որոշումն անօրինական է:

Հունիսի 27-ին Բրյուսելում` ԵՄ գագաթաժողովի նիստում, Ուկրաինան եւ ԵՄ-ն  ասոցացման եւ ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագիր կստորագրեն: