Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը եւ Արցախի պետական համալսարանը համատեղ կազմակերպում են «Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողովը, որը տեղի կունենա 2014 թվականի հունիսի 27-29-ը, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում: Համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ԼՂՀ Ազգային ժողովի շենքում հունիսի 28-ին, ժամը 9:30-ին:
Համաժողովի նպատակն է մեկ անգամ եւս կարեւորել կրթության, որպես մարդու հիմնարար ազատության եւ իրավունքի իրականացումը ինչպես միջազգայնորեն ճանաչված, այնպես էլ չճանաչված պետությունների քաղաքացիների համար: Քաղաքական խնդիրներն ու չկարգավորված կոնֆլիկտները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ միջազգային բազմաթիվ կոնվենցիաներով սահմանված մարդու հիմնարար ազատությունների ապահովման համար, իսկ կրթության իրավունքն, այս համատեքստում, ունի առաջնային նշանակություն: Բոլոնիայի գործընթացը, լինելով պետությունների միջեւ կրթամշակութային հաղորդակցության եւ քաղաքակրթություններ կամրջող առաջավոր միջոցներից մեկը, պետք է նպաստի ազգերի եւ ժողովուրդների միավորմանը` իր հիմքում ունենալով մարդու կրթության իրավունքի, մասնավորապես միջազգայնորեն ընդունված բոլոր հնարավորությունների հասանելիության գերակայություն:
Միջազգային համաժողովի ընթացքում նախատեսվում են մի շարք քննարկումներ, մասնավորապես, չճանաչված եւ ճանաչված պետությունների կրթական համակարգերի միջեւ փոխհամագործակցության, չճանաչված պետություններում բարձրագույն կրթական համակարգի զարգացման, տվյալ երկրների համալսարանների կողմից տրված ավարտական փաստաթղթերի միջազգային ճանաչման եւ Բոլոնիայի գործընթացում ընդգրկման հետ կապված հարցեր, ինչպես նաեւ չլուծված քաղաքական խնդիրների բացասական ազդեցությունը կրթական համակարգի վրա: Համաժողովին կմասնակցեն միջազգային փորձագետներ, հետազոտողներ եւ ուսանողներ, այդ թվում` միջազգայնորեն չճանաչված պետություններից:
Համաժողովի ավարտին նախատեսվում է մասնակից երկրների եւ միջազգային փորձագետների հետ համատեղ Համաժողովի հռչակագրի ընդունում:
ՀՀ պատվիրակությունը կգլխավորի ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:





























