Կստեղծվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համաշխարհային երիտասարդական շարժում: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, նշվել է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» երիտասարդական նորաստեղծ հանձնաժողովի անդամների եւ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս  Զաքարյանի ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի հանդիպման ժամանակ:

Երիտասարդներին ներկայացվել են  100-ամյակին ընդառաջ նոր մարտահրավերները, որոնք հաղթահարելու համար մեծ է հայկական համայնքների դերը, երիտասարդ սերնդի մասնակցությունը Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործում: Բազմաթիվ հարցադրումների կիզակետում Սփյուռքում հայկական ինքնության պահպանման օրախնդիր հարցն էր:

«Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայն» միջազգային ՀԿ կողմից կազմակերպված ծրագրի նպատակն է բարձրացնել Հայոց Ցեղասպանության մասին տեղեկացվածության մակարդակը երիտասարդական կազմակերպությունների, միջազգային կառույցների մոտ: Արդյունքում  կստեղծվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման համաշխարհային երիտասարդական շարժում,  Սփյուռքի համայնքներում կստեղծվեն Շարժման երիտասարդական հանձնախմբեր/լոբբիստական խմբեր, կմշակվեն Շարժման միջոցառումների ծրագիր-ժամանակացույց եւ հետեւողականորեն կիրականացվեն երիտասարդական միջոցառումներ աշխարհի տարբեր երկրներում՝  սերտորեն համագործակցելով Հայաստանի պետական ու Սփյուռքի կառույցների հետ:

Ծրագրի աջակից գործընկերներն են` ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, ՀՀ սփյուռքի նախարարությունը, Եվրամիության ERASMUS plus ծրագիրը, Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA):

Վաղը հանձնաժողովի նիստը կշարունակի իր աշխատանքները 2014 թ.-ին Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք ճանաչված Սիսիանում: