Ավարտվել է կրակի դադարեցման եւ զենքը վայր դնելու մասին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ ռուսամետ ակտիվիստներին ուղղված վերջնագրի ժամկետը:
Կրակի դադարեցման մասին Պորոշենկոյի հրամանագիրը շարունակվել է հունիսի 20-ի երեկոյան ժամը 22.00-ից մինչեւ հունիսի 27-ի առավոտյան ժամը 10.00-ն:
Հաղորդվում է, որ հունիսի 20-ին Ուկրաինայի նախագահը հրամայել է բոլոր ուժային ստորաբաժանումներին դադարեցնել կրակը, որոնք Ուկրաինայի արեւելքում մասնակցում են հակաահաբեկչական գործողություններին:
Սակայն նա հրամայել էր նաեւ անխնա կրակ բացել այն դեպքում, եթե ռուսամետ ակտիվիստները հարձակում գործեն հակաահաբեկչական գործողության ուժերի վրա:
Միաժամանակ, Պորոշենկոյի խորհրդական Յուրի Լուցենկոն նշել է, որ եթե նախագահի խաղաղ պլանը չհաջողվի իրականացնել, ապա ստիպված կլինեն կիրառել Բ պլանը՝ ռուսամետ ակտիվիստներին ոչնչացում, հաղորդում է ՈՒՆՆ-ն:
Բ պլանի մանրամասները, ըստ քաղաքական գործչի, հիմա ոչ ոք չի ուզում բարձրաձայնել, որովհետեւ դիվանագիտական աշխատանք է ընթանում:





























