«Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպությունը փորջաքննության պաշտոնական արդյունքներին է սպասում Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար: Այսօր՝ հունիսի 27-ին, մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանի առաջին օմբուդսմեն եւ «Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ նշելով, որ այժմ փաստաթղթերի փաթեթի կազմման տեխնիկական հարցերն են լուծվում:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, արդեն հայտնի են փորձաքննության արդյունքները, ըստ որի՝ Խոջոյանի մարմնում հայտնաբերվել են նավթամթերքի եւ հոգեմետ նյութերի ներարկման հետքեր: «Հաստատվել է, որ Մամիկոն Խոջոյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվել»:

Առաջին օմբուդսմենը հիշեցրել է, որ հայկական կողմը դիմել է Ադրբեջանի իշխանություններին՝ Խոջոյանին կտտանքների ենթարկելու փաստերը քննելու պահանջով: Պատասխան դեռեւ չի ստացվել, սակայն անցյալ տարիների փորձը հաշվի առնելով, հազիվ թե ստացվի: Լարիսա Ալավերդյանի կարծիքով, ավելի ճիշտ կլիներ հավաքել ադրբեջանական գերության մեջ գտնվող հայերին կտտանքների ենթարկելու նմանատիպ գործերը եւ միասնական փաթեթով ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Տավուշի մարզի Վերին Կարմիր աղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանը գերեւարվել էր ադրբեջանցիների կողմից հունվարի 28-ին: Մայիսի 4-ին Ադրբեջանը վերադարձրել  է նրան, սակայն հոգեկան անհավասարակշռությամբ տառապող ծերունու մոտ առկա էին բազմաթիվ կոտրվածքներ ու վնասվածքներ:

Ադրբեջանի իշխանությունները փորձել են ծեր, աննորմալ մարդուն որպես «դիվերսանտ» ներկայացնել, սակայն այդ անմիտ պնդումը սարկաստիկ արձագանք է ստացել հենց Ադրբեջանում: Հայերենիք վերադառնալուց հետո, Մամիկոն Խոջոյանը, չկարողանալով տանել գերության մեջ ադրբեջանական կտտանքների հիշողությունները, մահացել է: