Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում իսկապես խնդիրներ կան կապված կենցաղի եւ պահման պայմանների հետ: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
«Քրեակատարողական համակարգում իսկապես խնդիրներ կան կենցաղային, պահման պայմանների եւ այլ խնդիրների հետ կապված: Ես ամենօրյա հսկողություն եմ սահմանել, խոստանում եմ ուշադիր լինել եւ համապատասխան միջոցառումներ ձեռնարկել այդ խնդիրները լուծելու համար: Ինչ վերաբերում է Հելսինկյան ասոցիացիայի զեկույցին՝ կապված ԿՔՀ-ների խնդիրների հետ, ես դա չեմ ընթերցել, քանի որ Արցախում եմ եղել»,-ասաց նախարարը:
Նշենք, որ վերջին ժամանակներում շատ դատապարտյալներ բողոքում են ՔԿՀ-ների պայմաններից: Օրինակ այդ պայմաններից բողոքում են նաեւ պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը, որոնք այս պահին գտնվում են կալանքի տակ:





























