Դատական համակարգը պետք է բարեփոխել քայլ առ քայլ, հանգիստ, քանի որ այն պահպանողական համակարգ է եւ ընդհանրապես իրավաբաններն էլ են պահպանողական: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
«Խնդիրներն իսկապես շատ են եւ դատական համակարգը բարդ համակարգ է, փոփոխություններ արագ ակնկալելը հնարավոր չէ: Ես ինքս՝ որպես նախարար, ակնկալում եմ արդյունք, որը երկարաժամկետ կլինի»,-ասաց նա:
Նախարարի պնդմամբ՝ դատական համակարգը այնքան վատը չէ, որքան նրա իմիջը: «Ինքս 10 տարի եղել եմ դատական համակարգում եւ հստակ կարող եմ ասել, որ այն այնքան էլ վատը չէ, որքան նրա իմիջը: Կան հարցադրումներ, խնդիրներ, որոնք օբյեկտիվ են եւ կապված չեն դատավորների գործունեությունից: Մի բան պետք է հիշել, որ դատական համակարգն առնչվում է քաղաքացիների շահերին, իրավունքներին եւ բնականաբար դժգոհողներ միշտ էլ շատ են լինելու»,-ընդգծեց Հովհաննես Մանուկյանը:




























