Վրաստանն ու Մոլդովան Եվրամիության հետ համաձայնագիր են ստորագրել, որը ենթադրում է այդ երկրների մուտքը ԵՄ ազատ առեւտրի գոտի:
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Բրյուսելում, Եվրամիության գագաթաժողովի ժամանակ: Փաստաթղթերի ստորագրմանը մասնակցել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն եւ Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը, ինչպես նաեւ վարչապետ Յուրի Լյանկեն՝ մոլդովական կողմից եւ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ վրացական կողմից:
Արարողությանը ներկա են եղել Եվրամիության անդամ 28 պետությունների նախագահներն ու կառավարությունների ղեկավարները, ովքեր նույնպես ավելի ուշ իրենց ստորագրությունն են թողնելու համաձայնագրի ներքո:
Իսկ Ուկրաինայի եւ Եվրամիության միջեւ ստորագրվել է Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը: Ուկրաինական կողմից փաստաթուղթը ստորագրել է նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Ստորագրումից հետո, համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար, հարկավոր է այն վավերացնել Վրաստանի, Մոլդովայի խորհրդարաններում, Եվրախորհրդարանում եւ Եվրամիության անդամ երկրների խորհրդարաններում:
Ասոցացման ու Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը նախատեսում է տարբեր ոլորտներում համագործակցության խորացում, ազգային օրենսդրությունը եվրոպականին համապատասխանեցում, ԵՄ-ի հետ պայմանագիր կնքած երկրի մուտք եվրոպական շուկա:





























