«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը խորհուրդ է տալիս վարչապետ Հովիկ Աբրահամյանին հանձնարարել ՀՀ արդարադատության նախարարին ու ոստիկանապետին ուսումնասիրել խաղաղ ցույցերին իր սահմանադրական իրավունքներն իրացնելիս ժողովրդի նկատմամբ ոստիկանների գործելակերպի եվրոպական կոնվենցիայով սահմանված եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով ամրագրված դիրքորոշումներն ու մոտեցումները: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության կայքից

«Թեեւ իշխանության ներկայացուցիչները ունեն մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները եւ ենթակա են պաշտպանության նույն ձեւով, ինչ հասարակության ցանկացած անդամ, այդ ազատություներն ու իրավունքները ավարտվում են այն պահին, երբ սկսվում են ոտնահարվել ուրիշի իրավունքները: Նման դեպքում դա այլեւս ազատություն չէ, այլ ամենաթողություն, եւ եթե ազատությունը ժողովրդավարական հասարակության հենասյուններից է, ապա ամենաթողությունը` անարխիայի հենասյունն է. հանդուրժել անարխիան, նշանակում է վտանգել երկիրը:

Հիշեցնենք նաեւ, որ իշխանության ցանկացած ներկայացուցիչ ունի նաեւ պարտականություններ, որոնք սահմանվում են ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով:

Երբ խորհրդարանական մեծամասնության 64 ներկայացուցիչ, ներկայանալով որպես 68, ոտնահարում են ՀՀ սահմանադրությունը, ՀՀ ՍԴ որոշումները, ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները, ՀՀ օրենսդրոթյունը, ՀՀ ԱԺ այլ պատգամավորների իրավունքները եւ ՀՀ հասարկության կարծիքը, ընդամենը օրենքի ուժով դրամաշորթություն սահմանելու համար, ապա նրանց վարքագիծը արժանի է պարսավանքի եւ քրեորեն պատժելի է:

Նշենք նաեւ, որ ՀՀ-ում առկա են խնդիրներ, որոնք պահանջում են ՀՀ կառավարության հրատապ միջամտությունն ու դրանց լուծմանն ուղղված կոնկրետ ծրագրեր.

• Անպատասխանատու եւ ապաշնորհ պաշտոնյաների առկայություն ՀՀ կառավարությունում։

• ՀՀ Կառավարության անարդյունավետ աշխատանք, որը հանգեցրել է ՀՀ քաղաքացիների աղքատության տոկոսի բարձրացմանն ու աղետալի չափերի հասնող արտագաղթին, ինչն իր հերթին վտանգի մեջ է դրել երկրի պաշտպանվածության աստիճանն արտաքին վտանգների առջեւ։

• ՀՀ Կառավարության` ՀՀ Սահմանադրությանը հակասող օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալը եւ դրանց հեղինակների անպատժելիությունը։

• ՀՀ Կառավարության եւ ՀՀ Ազգային ժողովի կողմից կոպիտ խախտումներով օրենսդրական նախաձեռնությունների ընդունումը։

• ՀՀ ոստիկանության ապօրինի գործողությունները եւ երկրի տերը հանդիսացող ժողովրդի նկատմամբ թշնամական վերաբերմունքը։

• Կոմունալ ծառայությունների սակագների անհիմն բարձրացմումը։

Ակնհայտ է, որ նշվածը առկա խնդիրների ամբողջական ցուցակը չէ:

Գովելի կլիներ նաեւ, որ ՀՀ վարչապետը հանձնարարեր ՀՀ արդարադատության նախարարին ու ոստիկանապետին ուսումնասիրել խաղաղ ցույցերին իր սահմանադրական իրավունքներն իրացնելիս ժողովրդի նկատմամբ ոստիկանների գործելակերպի եվրոպական կոնվենցիայով սահմանված եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով ամրագրված դիրքորոշումներն ու մոտեցումները»,- ասվում է հայտարարության մեջ: