«Ենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, պատգամավոր Սիավուշ Նովրուզովը հանդես է եկել զվարճալի, բայց ամենեւին ոչ նոր պնդմամբ. բոլորը, ովքեր իրենց հետ չեն, հայեր են:
Մեկնաբանելով ԵԽԽՎ-ում նախագահ Իլհամ Ալիեւի ելույթը եւ դրան ուղեկցող՝ քաղաքական պատճառներով Ադրբեջանից արտագաղթածների բողոքի ակցիան, Ս.Նովրուզովը, ամենեւին չշփոթվելով սեփական հայտարարությունների անհեթեթությունից, պնդել է, թե «հարցերը պատրաստված են եղել հայ պատգամավորների կողմից, ինչպես նաեւ հիմնված ծագումով հայ Լեյլա Յունուսի կողմից տրամադրված, այսպես կոչված, հաշվետվության վրա»:
«Լեյլա Յունուսը ծագումով հայ է: Բացի այդ, արտագաղթի անվան տակ երկիրը լքածներից շատերը, ովքեր ապրում են Եվրոպայում եւ իբր բողոքում են ինչ-որ բանի դեմ, ծագումով հայեր են: Նրանք այնտեղ վստահեցնում են, թե այստեղ իրենց ճնշում են հայկական ծագման պատճառով: Բնականաբար, ժողովրդի եւ պետության դիրքերից Ադրբեջանի նախագահի ելույթը չի կարող բոլորի համար շահեկան լինել»,- ամեն ինչ գլխիվայր շուռ է տվել ադրբեջանցի խորհրդարանականը:





























